Главная » Статьи » Политика

Էներգետիկ պատերազմներ
Շեշտադրումներ, որոնք հաստատեցին, որ ՀՀ-ն մտադիր չէ միջուկային տերության մաս չլինել 
Միջուկային էներգետիկան այն եզակի ոլորտներից է, որտեղ հավանում եմ պետական քաղաքականությունը: Գոնե առայժմ: ՀՀ 2-րդ եւ 3-րդ նախագահներն էլ միշտ հաստատակամ են եղել այն հարցում, որ մեր երկրին պետք է ատոմակայան՝ էներգետիկ անվտանգության նկատառումներից ելնելով: Իսկ էներգետիկ անվտանգությունը երկրի՛ անվտանգության կարեւորագույն բաղադրիչներից է: ՀՀ 1-ին նախագահից չեմ խոսում՝ տեսանելիորեն հասկանալի պատճառներով:


Ինչեւէ, ՀՀ նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստում մեկ անգամ եւս հավաստվեց այն, որ ՀՀ-ն ուզում է եւ ամեն ինչ անում է միջուկային էներգետիկայի լուրջ դպրոցը պահպանելու համար: Հակառակը անհեթեթություն կլինի, մանավանդ եթե հաշվի առնենք, որ Իրանն արդեն ունի ԱԷԿ, Թուրքիան պատրաստվում է: Ի վերջո, ՀՀ-ն միջուկային տերության մաս է համարվում, ի՜նչ է նշանակում չօգտագործել այդ գործոնը...

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նիստում ընդգծել է որոշակի ու կարեւոր դրույթներ, որոնք նաեւ Արեւմուտքի շատ հարցերի պատասխաններ տվեցին, ու որոնք գուցե Արեւմուտքի կողմից սպասվելիք որոշ ճնշումներ կանխարգելելու եկան: Ուշադրություն է հրավիրվել Հայաստան-ՄԱԳԱՏԷ համագործակցության որոշ ասպեկտներին: Ամեն տարի մեր երկիրն ընդունում է մինչեւ 10 առաքելություն՝ ՀԱԷԿ-ի անվտանգության եւ պաշտպանվածության, ինչպեսեւ սեյսմիկ եւ շահագործման անվտանգության ստուգման համար: 2011թ. մայիսին ՀՀ-ն ընդունել է ՕՍԱՐՏ առաքելությանը, որն իրականացրեց ՀԱԷԿ-ի շահագործման անվտանգության խորացված ստուգում: Փորձարկվեցին կայանի գործունեության 8 ուղղություններ, եւ ՕՍԱՐՏ-ի խումբն այլ երկրներում տարածման դրական փորձի 7 օրինակ հայտնաբերեց: Խումբն ըստ ոլորտների ներկայացրեց 14 երաշխավորագիր եւ 12 առաջարկություն, որոնց հետ կապված ՀԱԷԿ-ի շահագործման անվտանգությունը կարող է բարձրացվել: Պետք է ամեն ինչ արվի, որպեսզի 2012թ. վերջին, 2013թ. սկզբին կայանալիք կրկնակի ստուգումը հավաստի կայանի շահագործման անվտանգության բարձրացման էական առաջընթացի մասին:
 

Ս. Սարգսյանը նիստում (ի դեպ, անվտանգության խորհրդի անդամներ են տարբեր երկրների մասնագետներ՝ Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ռուսաստանից...) շեշտել է, որ ՀԱԷԿ-ի ղեկավարությունը պետք է շտապ որոշակի գործողություններ ձեռնարկի Հայաստանի ատոմային էներգետիկայի ենթակառուցվածքի եւ կայանի համար մարդկային ռեսուրսների զարգացման ուղղությամբ՝ հաշվի առնելով այն, որ տարածաշրջանում նոր ատոմային կայան է հայտնվել, որտեղ աշխատավարձը շատ ավելի բարձր է, քան մեր ատոմակայանում:
 

Համապատկերում փակագծերում հիշեցնենք, որ երբ մեր ԱԷԿ-ի աշխատակիցները գործադուլ էին անում, գրեթե միաբերան պնդում էին, թե իրենք կգնան ավելի լավ տեղ աշխատելու եւ ավելի բարձր աշխատավարձով: Ցայսօր գոնե ինձ համար հարց է մնացել՝ նրանք այդպես ենթադրու՞մ էին, որ կարող են գնալ (բոլորը միասին ենթադրու՞մ էին), թե՞ իրանական կողմից առաջարկ էր գցվել...
 

Շարունակենք նիստում երկրի ղեկավարի հնչեցրած մյուս շեշտադրումները:
 

1. Հայկական կողմը որոշում է կայացրել հնարավորին կարճ ժամանակահատվածում ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի սթրես—թեստ անցկացնել: ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնել օգնել սթրես-թեստերը ժամանակին անցկացնելու հարցում: Ներկայումս ՀԱԷԿ-ն արդեն սկսել է այդ միջոցառման իրականացման աշխատանքների նախապատրաստումը: Սթրես-թեստերի արդյունքները պատրաստ կլինեն 2012թ. 2-րդ եռամսյակում:
 

2. Չնայած ՀԱԷԿ-ի շահագործման անվտանգությունն այսօրվա դրությամբ համարվում է առաջնակարգ կարեւորության խնդիր, պակաս արդիական չի համարվում ապագա էներգաբլոկի հետ կապված հարցը: Հայաստանի եւ Եվրոպական միության համատեղ գործողությունների ծրագրում ներառված է «ՀԱԷԿ–ի միջուկային էներգաբլոկները շահագործումից հանելու ծրագրի» մշակումը: ԵՄ հետ մեկնարկել է «Ռադիոակտիվ թափոնների եւ աշխատած միջուկային վառելիքի կառավարման ռազմավարության» մշակման աշխատանքը: Արեւելյան գործընկերության շրջանակում էներգետիկ անվտանգության մասով ԵՄ գործողությունների ծրագիրը նվիրված է նաեւ տարածաշրջանում ենթակառուցվածքային համակարգերի զարգացման եւ էներգակիրների մատակարարման բազմազանեցման հարցերին:
 

3. Միայն ԱԷԿ-ի առկայությունը բազային էլեկտրաէներգիայի արտադրման կառուցվածքում մեզ թույլ կտա պահպանել երկրի էներգետիկ անվտանգության պահանջված մակարդակը: Այդ իսկ պատճառով ապագա երկրորդ էներգաբլոկի շուրջ ցանկացած քննարկում սերտորեն կապված է նոր միջուկային էներգաբլոկի գործարկման ժամկետների հետ:
 

4. Ակնհայտ է նաեւ, որ նոր էներգաբլոկի ներդրման ժամկետների ուշացման դեպքում ստիպված կլինենք լուծել ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի ժամկետների երկարացման խնդիրը:
 

5.ՀՀ-ն նոր ԱԷԿ-ում կգործածի այն երկրների սարքավորումները, որոնք արդիականն են: 2010թ. օգոստոսին ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ համաձայնագիր է ստորագրվել «ՀՀ տարածքում միջուկային նոր էներգաբլոկի կառուցման վերաբերյալ»: Համաձայնագրով ՌԴ-ն նախագծում մասնակցում է որպես ներդրող, եւ նրա ներդրումները կհամապատասխանեն «միջուկային կղզյակի» համար մատակարարվող սարքավորումների արժեքին: Համաձայնագիրը նաեւ նախատեսում է փոխառական միջոցների հնարավորություն, եթե նման անհրաժեշտություն ծագի: Մենք շարունակում ենք այլ ներդրողների ներգրավման շուրջ բանակցությունները: Նախագահ Սարկոզիի հետ հանդիպմանը քննարկվեց միջուկային նոր էներգաբլոկի կառուցման նախագծում ֆրանսիացի ներդրողների հնարավոր մասնակցության հարցը: Քննարկվեց նաեւ մեր նախագծում ֆրանսիական ընկերությունների մասնակցության հարցը՝ որպես սարքավորումների մատակարար: Մեզ հայտնի է ռուսական «միջուկային կղզյակի» սարքավորումներն արեւմտյան սարքավորումների հետ համատեղելու դրական փորձի մասին: «Ռոսատոմ»-ն արդեն մշակել է ռուսական ԱԷԿ-92 նախագծում Արեւա-Սիմենս ընկերության համակարգի ինտեգրման նախագիծը Բուլղարիայի «Բելենա»-ի հիման վրա: Այս ամենը խոսում է այն մասին, որ ռուսական նախագծում արեւմտյան տեխնոլոգիաների ինտեգրման մեր հայեցակարգը հեռանկարային է:
 

Այսպիսով, հնչեցին հստակ շեշտադրումներ, որոնք հստակ հաղորդագրություններ էին եւ որոշակի հասցեատերեր ունեին: Ու վստահաբար մենք կհաջողենք, եթե հաստատակամ մնանք մեր դիրքորոշմանը: Այն է՝ մեզ պե՛տք է ատոմակայան, քանզի դա է հուշում աշխարհի ներկայիս զագացման տեմպն ու միտումը: Նաեւ՝ գոնե էներգետիկ պատերազմի այս հատվածը տանուլ չենք տա, առանց այն էլ տարածաշրջանային էներգետիկ շատ ծրագրերից մեզ դուրս են թողնում՝ մեկուսացնելու հեռանկարով՝ բոլոր բացասական հետեւանքներով:
 
Հայկական ապտակ Թուրքիային՝ ադոլֆյան ձեռամբ
 

ՀՀ նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահ Ադոլֆ Բիրգհոֆերը, ով Հայաստան էր ժամանել խորհրդի հերթական՝ 12-րդ նիստին մասնակցելու նպատակով, հայ լրագրողների հարցադրումներին ի պատասխան ասաց, թե «իրականությանը չեն համապատասխանում հարեւան երկրների հայտարարությունները հայկական ատոմակայանի վտանգավոր լինելու մասին: Ես տարիներով աշխատել եմ այս ոլորտում՝ անվտանգության տարբեր մարմիններում, սակայն Հայաստանն առաջին եւ միակ երկիրն է, որտեղ հանրապետության ղեկավարը մասնակցում է այս անվտանգության գծով տարվող քննարկումներին: Նա լավ իրազեկված է մեր քննարկումների արդյունքների եւ ատոմակայանի անվտանգության վիճակի մասին»:
 

Հասկանալի է, որ «հարեւան երկրներ» ասվածով Ադոլֆ Բիրգհոֆերը նկատի ունի Թուրքիային, որովհետեւ Ռուսաստանը մեր ԱԷԿ-ի իբր վտանգավորության մասին հայտարարություններ չի անում, Իրանը՝ նույնպես, Ադրբեջանին չենք առանձնացնում, քանզի սա Թուրքիայի թերմացքն է, իսկ Վրաստանին լուրջ վերաբերել պետք չէ, քանզի այս պետությունը 1 ժամում հենց պաշտոնական մակարդակով կարող է իրարամերժ տեսակետներ հայտնել:
 

Մի առիթով գրել էի, որ ճապոնական «Ֆուկուսիմա»-ի դեպքից հետո կարիք չկա շտապել եւ հայկական ԱԷԿ-ը փակելու որոշում ընդունել, քանզի ընդհանրապես անվտանգ աշխատող ատոմակայանները աշխարհում բնապահպանապես ավելի անվտանգ են, քան, ասենք, ՋԷԿ-երը, ասել է թե՝ պետք է մտածել ԱԷԿ-ի անվտանգության մակարդակի շարունակական բարձրացման, այլ ոչ թե կայանը փակելու մասին: Համապատկերում նկատել էի, որ պետք չէ անընդհատ մեջբերել գերմանական օրինակը, որ իբր «Ֆուկուսիմա»-ի դեպքից հետո ուզում են փակել իրենց երկրի ԱԷԿ-ները, քանզի ուզելը փակել չի նշանակում, եւ բացի այդ՝ փակելու հայտարարությունները միտված են բնապահպանների եւ հանրության կրքերը հանդարտեցնելուն:
 

Գրածիս ի պատասխան անուղղակի եւ ուղղակի հավաստիացում «եկավ». Ա. Բիրգհոֆերը նիստից հետո հրավիրած մամլո ասուլիսում ասաց. «Ֆուկուսիմա»-ի աղետից հետո Գերմանիան որոշեց արգելել ատոմային էներգետիկայի զարգացումը, սակայն, Ճապոնիայում մարդկային զոհերը եղան ոչ թե ատոմային էներգետիկայի, այլ ցունամիի պատճառով: Այս միջադեպը լուրջ իրադարձություն էր գերմանական թերթերի համար, որպեսզի քննադատեն միջուկային էներգետիկան: Բայց՝ այն կարելի է անվտանգ շահագործել, եթե լինեն փորձված ինժեներներ, լավ ղեկավարություն եւ պետական վերահսկողոթյուն: Ամբողջ աշխարհում շահագործման փորձը ցույց է տալիս, որ դա հնարավոր է: Մենք նույնպես ունեցել ենք միջադեպեր, վերլուծել դրանք՝ հասկանալու համար, արդյո՞ք դա մեր անվտանգության համակարգի թուլությունն էր: Սակայն շահագործման փորձը ցույց է տալիս, որ ատոմակայանները հուսալի են, եւ աշխարհի ատոմակայանները միասին արդեն աշխատել են 8-10 հազ տարի: Ընդհանրապես, անվտանգ շահագործման առաջին գերխնդիրն անձնակազմի պատրաստումն է, որտեղ կարեւոր են մի քանի ասպեկտներ. Հայաստանը բավարարում է բոլոր պահանջները: Առաջինը՝ մասնագիտական կրթությունն իրականացվում է նաեւ աշխատանքի վայրում, երկրորդը՝ կա արտագնա ուսուցում՝ Ատոմակայանների համաշխարհային ասոցիացիայի աջակցությամբ: Հիմնարար կրթության առումով՝ այս մասնագիտությունները մտնում են Հայաստանի բուհական ծրագրի մեջ, եւ գնալով ավելի մեծ ուշադրություն է դարձվելու այդ հարցին: Բացի այդ՝ կա պետական վերահսկողություն»: 


Նյութերը՝ Աստղինե Քարամյանի 

Категория: Политика | Добавил: Lucio (09.01.2012)
Просмотров: 777 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Форма входа
Мини-чат
ОПРОС
Где вы родились?
Всего ответов: 284
Яндекс.Метрика