Գյուղ Արթիկի տարածաշրջանում, Արթիկ քաղաքից 9-10կմ հյուսիս-արևմուտք, մարզկենտրոնից գտնվում է 19կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Խորոմ, Խորում, Խուրում, Օրոմ անվանումները: Տեղադրված է Գյումրի-Երևան ավտոմայրուղու մոտ: Նախկինում մտել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ:
Գյուղը տեղդրված է Մանթաշ գետի ձախ ափին` ծովի մակարդակից 1570մ բարձրության վրա: Կիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են ձնաբքերը և սառնամանիքները: Ամառը տաք է, համեմատաբար խոնավ: Տարեկան տեղումների քանակը 500-600մմ: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններ են: Ունի բազալտի պաշարներ, որոնք ունեն արդյունաբերական նշանակություն:
Գյուղում եղել են մասնակի ավերվածություններ 1988 թ-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից:
Գյուղի մոտ բլուրների վրա գտնվում են Կիկլոպյան ամրոց (ըստ տեղացիների` Ղալաչի), գերեզմաններ, դամբարաններ: Գյուղում 1861 թ-ին կառուցվել է ս. Հռիփսիմե եկեղեցին:
Գյուղի բնակչության նախնիները գաղթել են Արևմտյան Հայաստանի Բասենի, Մուշի շրջաններից, Կարսի մարզից 1829-1830թթ: 1831 թ-ին գյուղն ունեցել է 459, 1897 թ-ին` 1939, 1926 թ-ին` 1564, 1939 թ-ին` 1867, 1949 թ-ին` 1660, 1970 թ-ին` 1949, 1979 թ-ին` 1841 բնակիչ: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2005 թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 2166 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 46%, կանայք` 54%: Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ` 28%, աշխատունակներ` 51%, հետաշխատունակներ` 21%: Ունի 407 տնտեսություն: Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, մանկապարտեզ, մշակույթի պալատ, կապի հանգույց:
Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր` կազմելով 1288հա: Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր` կազմելով համապատասխանաբար 164 և 1129 հեկտար: Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է: Զբաղվում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, պտղաբուծությամբ (խնձոր, տանձ): Զբաղվում են խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ:
Ունի գորգագործական արտադրամաս, կաթի վերամշակման կետ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքի իրացումը, գազաֆիկացումը:
ՀՀ Շիրակի մարզ, գ. Հոռոմ