Главная » Статьи » История

«Բրիտանացիները եկել են Հայաստանից»
Սխալվե՞լ էին, արդյոք, անգլիական տարեգիրները:
Երբեմն զարմանալի, տարօրինակ տեղեկություն ենք գտնում պատմության տարեգրքերում: Այնչափ տարօրինակ, որ այդ ծանուցումները կարող են ժամանակ առ ժամանակ փոխել մեր պատկերացումները ոչ միայն այս կամ այն ժողովրդի պատմության, այլև ողջ մայրցամաքի և նույնիսկ ամբողջ մարդկության պատմության մասին:
Պատմագիտության համար փաստագրական նյութերը հավաքվում են պատմագրական տվյալների, հնէաբանական պեղումների, համեմատական լեզվաբանության ուսումնասիրության, դիցաբանության տվյալների հիման վրա:
Յուրաքանչյուր նոր փաստ` պատմագրական տեղեկություն, հնագիտական գտածո կամ լեզվաբանական նոր զուգահեռների պարզաբանում, պետք է ստանա տրամաբանական հիմնավոր բացատրություն, եթե փոխի անգամ ժամանակակից, ընդունված տեսությունը:
Անգլիայի հնագույն տարեգիրքը` «Անգլո-սաքսոնական քրոնիկոնը», ընդգրկում է հռոմեական տիրապետության շրջանը` մ.թ.ա. I դարից մինչև մ.թ. XII դարը: Տարեգրքի կազմելուն ձեռնամուխ են եղել Ալֆրեդ արքայի օրոք, IX դարի վերջին, հիմք ունենալով Բեդա Պատվելու «Եկեղեցական պատմությունը», որը պահպանվել էր մերսիական և ուէսեքսյան քրոնիկոններում ու ավանդազրույցներում:
Պահպանվել է անգլո-սաքսոներեն (հնագույն անգլերեն) և լատիներեն ինը ձեռագիր: Քրոնիկոնի ամենասկզբի մասը, որ նկարագրում է մինչև 731թ. իրադարձությունները, հիմնականում վերցված է Բեդայի գրվածքից, բայց ներառում է շատ լրացումներ, որոնք վերաբերում են Հարավային Անգլիայի (հատկապես Ուէսեքսի) պատմությանը:
Ներկայացնենք մեզ հետաքրքրող մասը` հին ձեռագրի տեքստի առաջին պարբերության բնագիրը` համապատասխան թարգմանությամբ.
«The island Britain is 800 miles long, and 200 miles broad. And there are in the island five nations; English, Welsh (or British), Scottish, Pictish, and Latin. The first inhabitants were the Britons, who came from Armenia, and first peopled Britain southward.»    Bede, «Ecclesiastical History» i.1, THE ANGLO-SAXON CHRONICLE, Part 1: A.D. 1-748
http://omacl.org/Anglo/part1.html
«Բրիտանիա կղզու տարածքը 800 մղոն երկարություն ու 200 մղոն լայնություն ունի: Այդ կղզում հինգ ազգություն կա` անգլիացիներ, վալիացիներ (բրիտներ), սքոթեր, պիկտեր, լատիններ: Կղզու առաջին բնակիչները եղել են բրիտները, որոնք եկել են Արմենիայից ու բնակություն հաստատել Բրիտանիայի հարավում».   Բեդա, «Եկեղեցական պատմություն», մաս I, Անգլո-սաքսոնական քրոնիկոն, 748թ.:
Անգլո-սաքսոնական քրոնիկոնը ջանադրաբար ուսումնասիրվում է շուրջ 180 երկար ու ձիգ տարիներ: Ժամանակակից անգլերենի վերածած առաջին թարգմանիչ Ջեյմս Ինգրեմը, Դեդա Պատվելու այս տեղեկությանը որևէ խելամիտ բացատրություն չգտնելով,  «Արմենիա» բառը տեքստում օգտագործել է հետևյալ մեկնաբանությամբ.
  «Հնարավոր է, որ սա սաքսոնական օրագրի պատահական սխալը լինի, որը «Արմորիկա» բառի փոխարեն գրել է «Արմենիա»»:
Սակայն Արմորիկան Ֆրանսիայի հյուսիսում գտնվող մարզն ու քաղաքատիպ ավանն է, որին լատինացիները մի ժամանակ Բրետոնիա էին կոչում:
Ջեյմս Ինգրեմի տարակուսանքը կարելի է հասկանալ: XIX դարի առաջին քառորդում մարդկության հնագույն պատմությանը վերաբերող հիմնավոր փաստեր շատ չկային:
Ուսումնասիրված չէին նաև ժողովուրդների մեծ տեղահանությունների փաստերը և դրանց արտագաղթերի օրինաչափությունները:
Դեռևս չէին կատարվել շատ հնէաբանական բացահայտումներ, հատկապես այն, որ մարդկային քաղաքակրթության ծագման ու զարգացման հնագույն կենտրոնները եղել են Հյուսիսային Միջագետքն ու Հայկական լեռնաշխարհը: Եվ այլն, և այլն:
Անգլո-սաքսոնական քրոնիկոնի վերջին հրատարակության հիմնական տեքստում, իբրև բարեկրթության ապացույց «Արմենիա» բառի փոխարեն գրել «Արմորիկա»` կից մեկնաբանությամբ. «Բնագրում, իբր սխալմամբ գրվել է «Արմենիա»»: Ի՞նչ է սա: Տգիտությո՞ւն, անտեղյակությո՞ւն, գիտական ծուլությո՞ւն, թե անգլիացուն բնորոշ ինքնագոհ արհամարհանք վերջին տասնամյակի ընթացքում գրանցված գիտական տվյալների նկատմամբ, որոնք ստացվել են տարբեր երկրների այնպիսի մեծ հեղինակությունների ջանքերի շնորհիվ, ինչպիսիք ակադեմիկոս Գավուկչյանն է, Գամկրելիձեն, Իվանովը, Կլիչկովը, Հերունին, Հաուպտմանը և ուրիշներ:
Հարց է առաջանում. «Ինչպե՞ս և ո՞ր դեպքում գրագիրը կարող էր սխալվել:» Արտագրելիս սխալ թույլ տալու հոգեբանությունը ավելի շատ այսպիսին է. գրագիրը, բառի առաջին տառերը տեսել է, և եթե այդ տառերը համընկել են շատ ծանոթ ու հաճախակի կրկնվող ուրիշ բառի տառերի հետ, նրա ուղեղը մեքենաբար կրկնել է ոչ այն բառը, որը կարդացել է, այլ այն, որն ենթագիտակցության մեջ զուգորդված է: Եվ ուղեղը թելադրել է հենց այդ բառի գծագիրը:
Այժմ երկրորդ հարցադրումը. «Որքանո՞վ է հավաստի, որ անգլիացի գրագրին ուշ միջնադարյան «Արմենիա» բառը շատ ծանոթ է եղել ու բազմիցս հիշատակվող:» Սա քիչ հավանական վարկած է: Դժվար թե միջին կրթվածության անգլիացի գրագիրը (այլապես նա կլիներ գիտնական և ոչ թե գրագիր) իմանար այնպիսի մի երկրի գոյության մասին, ինչպիսին Հայաստանն է (Արմենիա): Իսկ այդ բառի հակառակ «Արմորիկան», հավանաբար, նրան լավ էր ծանոթ, որովհետև Անգլիային մոտ գտնվող երկրի` Ֆրանսիայի շրջաններից մեկի անունն է:
Այսպիսով, հոդվածիս վերնագրում մեջբերված նախադասությունը, ամենայն հավանականությամբ, հավաստի է և պահանջում է լրացուցիչ ուշադիր ու մանրազնին ուսումնասիրություն:
Վաչագան ՎԱՀՐԱԴՅԱՆ
Категория: История | Добавил: Lucio (19.12.2012)
Просмотров: 1788 | Комментарии: 1 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 1
1 Lucio  
0
Հայերը Իռլանդիայում (իռլ. Airméinis in Éirinn, անգլերեն՝ Armenians in Ireland), ազգային փոքրամասնություն Իռլանդիայի Հանրապետությունում:
Բրիտանական կղզիներում հայերի ներկայության վերաբերյալ տեղեկությունները վերաբերում են վաղնջական ժամանակներին: Անգլիայի հնագույն տարեգրության` 8-րդ դարի Անգլո-սաքսոնական քրոնիկոնում գրված է.«Կղզու առաջին բնակիչները եղել են բրիտները, ովքեր եկել են Արմենիայից ու ի սկզբանե բնակվել են Բրիտանիայի հարավում»: Թերևս այդ իրողությամբ են բացատրվում հայ-կելտական մշակութային նմանությունները, խաչքարերի առկայությունն Իռլանդիայում: Ուշագրավ է, որ իռլանդական եկեղեցու ծիսակարգը կատարվում է հայերեն և արարողության ժամանակ Աստծուց բարօրություն են խնդրում նաև Հայաստան աշխարհի համար: Բացի այդ, Իռլանդիան ու Հայաստանն ընդհանուր գծեր ունեն հատկապես Սփյուռք ունենալու փաստով. իռլանդական 80 միլիոնանոց սփյուռքը, ինչպես Հայաստանի դեպքում, շուրջ 13 անգամ գերակաշռում է Իռլանդիայի մշտական բնակչությանը:
Հայ-իռլանդական հարաբերությունների զարգացման գործում մեծ ավանդ ունի Գալուստ Կյուլպենկյան հիմնարկության լոնդոնյան գրասենյակի տեսուչ, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայ համայնքների բաժանմունքի ղեկավար, մեծ բարերար Գալուստ Կյուլպենկյանի ծոռ Մարտին Եսայանը: Ներկայումս Իռլանդիայի Հայերը կազմում են 250 մարդ որոնք բնակվում են Դուբլինում և Քորքում: 2009 թվականին Իռլանդիայում Հայաստանի Հանրապետության նորանշանակ պատվո հյուպատոսի նախաձեռնությամբ և հայ համայնքի ջանքերով բացվել է կիրակնօրյա դպրոց : Քննարկվում է հայկական եկեղեցի, դպրոց և կազմակերպություն հիմնել Դուբլինում : Դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի և Իռլանդիայի միջև հաստատվել են 1996 թվականի հունիսի 28-ին : Իռլանդիայում բնակվող հայերը փորձում են կազմակերպված համայնք ձևավորել :
Աղբյուր՝ http://hy.wikipedia.org/wiki....D5%AB%D 5%A1%D5%B5%D5%B8%D6%82%D5%B4

Имя *:
Email *:
Код *:
Форма входа
Мини-чат
ОПРОС
Где вы родились?
Всего ответов: 284
Яндекс.Метрика